Wednesday 21 October 2015














 Թող ապրեմ

     Թող ապրեմ կողքիդ կարճատև խենթություն,
Մի կարճ կյանք տևող գժություն.
Թող կարոտիդ գույներով ներկեմ իմ ծիածանը
Ու ջնջեմ իմ երկնքից այն շատ սովորական
Միապաղաղ յոթ գույնը:
  
Գարնանը շտապած ձնծաղիկի պես
Թող շողերովդ ջերմանամ,
Ապրելով մեռնեմ ու նորից ծնվեմ,
Միայն թե հանկարծ անգութ սպիտակի գերին
Ես դարձյալ չմնամ:

Թող գողանամ շնչիդ մի թրթիռն ու
Հյուսեմ իմ սրտի մեղեդին.
Միօրինակ է դարձել միշտ միևնույն դո, ռե, մի-ն:

Թող որ լինեմ վայրկյանը կամ թեկուզ ակնթարթը,
Այն մի քիչը, գուցե և ոչինչը,
Բայց գոնե քոնը: